«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհավորում է Ձեզ և հրավիրում մասնակցելու հատուկ հղի կանանց համար անցկացվող հոգեբանական թրենինգների:
Մենք կօգնենք գտնել Ձեզ մտահոգող բոլոր հարցերի պատասխանները, հաղթահարել վախերն ու տագնապները, ստեղծել ջերմ ու կայուն փոխհարաբերություններ ընտանիքում, ինչպես նաև նախապատրաստվել ծննդաբերության և երջանիկ մայրության:
Հղիությունը դա յուրահատուկ ժամանակահատված է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Ինն ամիս շարունակ քո ներսում ձևավորվում ու զարգանում է նոր կյանք, կենդանի էակ, ում հետ անտեսանելի, ամուր կապերով կապված ես լինելու ողջ կյանքում, ով դառնալու է քեզ համար ամենահարազատն ու կարևորն աշխարհում: Թե ինչպիսին կլինի ապագա երեխան, ինչ ունակություններով օժտված կլինի, մեծապես պայմանավորված է հղի կնոջ կենսակերպով ու նրա վերաբերմունքով հղիության հանդեպ:
Հղիության ողջ շրջանը, սկսած ձվաբջջի բեղմնավորումից մինչև երեխայի ծնունդը, պայմանականորեն բաժանում են երեք եռամսյակի:
Առաջին եռամսյակը սկսվում է ձվաբջջի բեղմնավորման և զիգոտի ձևավորման պահից մինչև 14-րդ շաբաթը:
Երկրորդ եռամսյակը ներառում է 14-ից 28-րդ շաբաթները, առանձնանում է պտղի ինտենսիվ աճով և հիմնական օրգան-համակարգերի ձևավորմամբ:
Երրորդ եռամսյակը ներառում է 28-ից 40-րդ շաբաթները, այս ընթացքում վերջնականապես ավարտվում է պտղի ներարգանդային ձևավորումը, ձևավորվում են բոլոր օրգան-համակարգերը և արդեն պատրաստ են ակտիվ կենսագործունեության:
Բժշկական տեսանկյունից ամենաբարդը համարվում է առաջին եռամսյակը, քանի որ այստեղ մեծ է հղիության ընդհատման վտանգը: Հոգեբանական տեսանկյունից առավել լարված են համարվում առաջին և երրորդ եռամսյակները: Առաջին եռամսյակն աչքի է ընկնում անորոշության, սոցիալական, էսթետիկական, գենետիկ բնույթի վախերի ինտենսիվությամբ և տագնապայնության բարձր աստիճանով: Հղիությունը կնոջ մոտ առաջ է բերում անձնային տարբեր փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվում են նոր անձնային որակներ և ունակություններ: Երրորդ եռամսյակում առավել վառ արտահայտված են ծննդաբերական, մահվան, ցավի և սոցիալական նոր դերի հետ կապված վախերը: Մեծանում է տագնապայնությունը, այս հոգեբանական ֆոնին միանում է նաև ֆիզիկական հոգնածություն և հղի կնոջ վիճակը դառնում է «անմխիթարելի»:
Հղիության հարմարման ողջ գործընթացը առաջ է քաշում բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնց լիարժեք ու գրագետ պատասխանները կարելի է գտնել մեր կենտրոնում:
Մեր օգնությամբ հղիությունը կդառնա Ձեր կյանքի ամենահիշարժան ու երջանիկ ժամանակահատվածը:
Դասընթացների թեմաները`
1) հղիության և ծննդաբերության գործընթացի հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները,
2) հղիության ընթացքի հանդեպ դրական դիրքորոշման ձևավորման խնդիրները,
3) հղի կնոջ վախերն ու տագնապները և դրանց հաղթահարման միջոցները,
4) հղիության և ծննդաբերության ընթացքում շփումը երեխայի հետ և պրենատալ դաստիարակության առանձնահատկությունները,
5) ընտանիքում երեխայի առկայության դեպքում հատուկ աշխատանք երեխայի հետ և նախապատրաստում ընտանիքի նոր անդամի ծննդին,
6) ամուսնու դերն ու նշանակությունը հղիության ընթացքում և ծննդաբերության գործընթացի ժամանակ,
7) հղի կնոջ սեռական կյանքի առանձնահատկությունները,
8) նախապատրաստումը ծննդաբերությանը, ծննդալուծման ձևի ընտրության առանձնահատկությունները /կեսարյան հատման հոգեբանական առանձնահատկությունները և այդ ճանապարհով ծնված երեխաների խնդիրները/,
9) ծննդօգնությունը կազմակերպող անձնակազմի հետ համագործակցելու ունակությունների ձևավորում և ծննդատան պայմաններին ծանոթացում,
10) հետծննդաբերական դեպրեսիայի պրոֆիլակտիկա,
11) հետծննդաբերական ժամանակահատվածի առանձնահատկությունները,
12) կրծքով կերակրման հոգեբանական առանձնահատկությունները,
13) շնչառական վարժանքներ, մեդիտացիա, արտ-թերպիա:



