Յուրահատուկ հոգեթերապևտիկ ձևաչափ է խմբային խորհրդատվությունը, որի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջինիս ընթացքում կիրառվում է խմբային դինամիկան, այսինքն խմբի մասնակիցների միջև առաջացող փոխհարաբերությունների և փոխազդեցությունների ողջ համակազմը, թերապևտիկ նպատակներով:
Խմբային խորհրդատվությունը սկզբունքորեն չի հանդիսանում ինքնուրույն հոգեթերապևտիկ ուղղություն, այլ իրենից ներկայացնում է յուրահատուկ ձևաչափ, մեթոդ, որի ընթացքում, ի տարբերություն անհատական խորհրդատվության, թերապևտիկ ազդեցության հիմանական գործիքը հանդիսանում է այցելուների խումբը:
Խմբային խորհրդատվությունում կիրառվում են զանազան մեթոդներ և տեխնիկաներ, որոնց համակազմը հիմնականում պայմանվորված է հոգեբանի, հոգեթերապևտի մասնագիտական տեսական ուղղվածությամբ, կողմնորոշումով (հոգեվերլուծական, կոգնիտիվ-վարքային, գեշտալտ և այլն):
Խմբային խորհրդատվությունն արդյունավետ է ոչ միայն հոգեբանական խնդիրների, խանգարումների հաղթահարման և շտկման համար, այլև ներխմբային կոնֆլիկտների կանխարգելման և հաղթահարման, խմբային մերձեցման, ինչպես նաև խմբային մտածողության զարգացման համար:



